Գյուղատնտեսության ոլորտում ներդրում անելու բարձր ռիսկայնության մասին շատ է խոսվում, մանավանդ անբարենպաստ տարվա պարագայում այն առավել արդիական թեմա է: Գյուղվարկերի ձեռքբերումը, չնայած մեծ պահանջարկին, բազմաթիվ գյուղացիական տնտեսությունների համար անմատչելի է` բարձր տոկոսադրույքի, անհրաժեշտ գրավի բացակայության պատճառով: Խնդիրն առավել սուր է դրված սահմանամերձ բնակավայրերում:
Գյուղական համայնքներում վարկերի մատչելիության մակարդակը բարձրացնելու նպատակով դեռ 2008-ին կառավարությունը նախաձեռնեց գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման փորձնական մի նախագիծ, որում ընդգրկվեց Ճամբարակի, Աշոցքի և Ամասիայի բարձրլեռնային, սահմանամերձ 60 գյուղական համայնք: Գործադիրի որոշմամբ այդ շրջանների բնակիչների վերցրած գյուղվարկերի տոկոսադրույքի 10 տոկոսը փոխհատուցում է պետությունը: Կառավարության պահուստային ֆոնդից 100 միլիոն դրամ առանձնացվեց, ծրագրի իրականացումն էլ հանձնարարվեց ՀՀ ֆինանսների նախարարության «Գյուղական ֆինանսավորման կառույց» գրասենյակին:
Կառավարության «Հրապարակում» հեռուստածրագիրը գնաց այս որոշման և ծրագրի իրականացման արդյունավետության հետքերով: Ամասիայի տարածաշրջանի մի քանի գյուղերում շրջելով և գյուղացիների հետ զրուցելով` հաղորդաշարը բացահայտել է, որ վարկառու գյուղացիներ թեև կան, բայց նրանցից ոչ մեկը սուբսիդավորումից չի օգտվել:
Որպես կանոն, գյուղացիների վերցրած վարկը ծառայում է բացառապես գյուղատնտեսական նպատակների` անասուն կամ սերմացու ձեռք բերելու և վարուցանքի համար: Նրանցից շատերը հողը մշակում ու ապրուստը հոգում են դժվարին պայմաններում. սահմանամերձ գյուղերում, որտեղ, ի տարբերություն հանրապետության այլ վայրերի, սոցիալական վատ վիճակից բացի, շատ ավելի լուրջ խնդիրներ կան, ինչպես, ասենք, սահմանից ընդամենը 500 մետր հեռավորության վրա գտնվող Մեղրաշատ գյուղում. իրենց հողակտոր մուտք գործելու համար սահմանապահներից հատուկ անցաթուղթ պետք է ձեռք բերել, այն էլ` սահմանափակ ժամանակահատվածում: Այս կողմերում վարկը մարելու և բանկի վստահությունը չկորցնելու հարմար տարբերակը սոցիալական նպաստներով ու թոշակներով կամ անասուն մորթելով վճարելն է: Ամասիացի հողագործները, սակայն, վերջին երկու տարում իրենց հույսը կապել են պետական սուբսիդավորման հետ. չստանալով հասանելիք փոխհատուցումը, նրանցից շատերն այսօր արդեն կանգնել են փաստի առջև: Ո՞Ւմ բողոքեն, իհարկե բանկին, որի հետ գործարքի մեջ են. առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների գործառույթն այս ծրագրում այն է, որ ամիսը մեկ անգամ սուբսիդավորման հայտ են ներկայացնում «Գյուղական ֆինանսավորման կառույց», որն էլ պարտավոր է հինգ աշխատանքային օրվա ընթացքում բավարարել այն` վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը փոխանցելով վարկառուի անհատական հաշվին:
Ինչո՞ւ գյուղացիներին հասանելիք սուբսիդիան տեղ չի հասել, կամ ինչո՞ւ է վարկառուների թիվն այդքան քիչ, հարցեր, որոնք ուղղվեցին գրասենյակի գործադիր տնօրեն ԱՐԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ: Ըստ նրա` առաջին տարում պարզել են, որ շատ քիչ մարդիկ են համապատասխանում սահմանված չափորոշիչներին, և ընտրված թիրախային դաշտը շատ նեղ է: Սկզբում նաև խնդիր է առաջացրել այն հանգամանքը, որ վարկը գյուղացին վերցնում էր միջազգային ֆինանսական կառույցից, իսկ պետությունը դրա համար փոխհատուցում չէր նախատեսել: Այս վերջին մասով իրավիճակը շտկվել է 2009-ին, երբ պարզվել է, որ նախատեսված 100 միլիոն դրամից տեղաբաշխվել է ընդամենը 653 հազար դրամ, գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախորդ որոշման մեջ. տեղական բանկերից ու վարկային կառույցներից բացի, համագործակցել նաև միջպետական համաձայնագրերի շրջանակներում աշխատող կազմակերպությունների հետ և սուբսիդավորել միջազգային ֆինանսական կառույցների թիրախային շրջաններում տեղաբաշխված գումարների տոկոսադրույքները: Կատարվել է մեկ կարևոր փոփոխություն ևս. նշված գյուղական համայնքների բոլոր բնակիչների, ովքեր հայտ ստանալու պահից սկսած վերջին երեք տարիներին վարկ են վերցնում առաջին անգամ, տոկոսադրույքի սուբսիդավորումն իրականացվում է ամբողջությամբ, այսինքն` գյուղացուն տրվում է անտոկոս վարկ: Ամասիայի տարածաշրջանում գյուղացիներն այս փոփոխություններին տեղյակ են, սակայն… անտոկոս վարկի հաճույքը ոչ ոք չէր ապրել:
Նշենք, որ 2008-ից մինչ օրս բանկերից և վարկային կազմակերպություններից սուբսիդավորման ներկայացված 1124 հայտից 503-ը մերժվել, մի քանիսն էլ տարբեր պատճառներով հետաձգվել են: Երեք տարում տեղաբաշխվել է կառավարության առանձնացրած նպատակային գումարի ընդամենը 15 տոկոսը` մոտ 15 միլիոն 600 հազար դրամ:
Միանշանակ պարզ է, որ գյուղոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման ծրագրի չափորոշիչները վերանայման անհրաժեշտություն ունեն, շահագրգիռ կողմերը նշում են նաև թղթարարության հնարավորինս պարզեցման մասին:
Գետաշենցի Սամվել Էգնատոսյանի վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտն էլ բավարարվել էր մասամբ: Այս դեպքի առնչությամբ գրասենյակում պարզաբանում են, որ երկրորդ հայտ չի ներկայացվել, իսկ վարկավորող «ԱԿԲԱ կրեդիտ ագրիկոլ» բանկից տեղեկացրին, որ գրասենյակը պատասխանել է, թե դա տրված է IFAD-ի` միջազգային ֆինանսավորող կառույցի կողմից, դրա համար են մերժում: Այնինչ արդեն հստակ էր, որ կառավարությունը վերանայել էր որոշումը, և հայտը գոնե այս մեկ տարում պետք է բավարարված լիներ:
«ԱԿԲԱ» բանկի վարկային տնօրեն ՀԱԿՈԲ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ խոսքով` մերժված հայտերի և ծրագրի իրականացման գրասենյակի ընթացակարգերի հետ կապված անհասկանալի հարցեր ծագել են, որոնց առնչությամբ մի քանի անգամ գրավոր դիմել են գրասենյակ, սակայն մինչ օրս որևէ պատասխան չեն ստացել: ԳՖԿ տնօրենն արդարանում է, որ անուշադրության մատնված առաջարկ չկա, և որ դրանց հիման վրա են փոփոխություններ իրականացվել: Սակայն փաստերն այլ բան են ասում:
Օրինակ, «Արեգակ» վարկային կազմակերպությունն ի սկզբանե ծրագրին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել, սակայն, ԳՖԿ ներկայացրած բոլոր 72 հայտերի մերժումից հետո, դադարեցրել է մասնակցությունը:
Փաստորեն, գործադիրի դեռ մեկ տարի առաջ կատարած փոփոխությունը կրկին արդյունք չի տվել, մերժված վարկառուները չեն ստացել վարկի տոկոսադրույքները, ավելին` Հայաստանում գործող 21 առևտրային բանկերից և 33 վարկային կազմակերպություններից այսօրվա դրությամբ ծրագրին մասնակցում է միայն 2 առևտրային բանկ:
Որքան էլ զարմանալի է` ծրագրի նման կատարողականը ԳՖԿ գործադիր տնօրենին չի անհանգստացնում, նա բավականին լավատես է, կարծում է` ակտիվ կաշխատեն և մինչև տարեվերջ գումարն ամբողջությամբ կտեղաբաշխեն:
Նման իրողությունը, սակայն, անթույլատրելի համարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը և կառավարության վերջին նիստերից մեկում հանձնարարվեց ֆինանսների նախարարին կառուցվածքային և կադրային փոփոխություններ իրականացնել` խնդրին լուծում տալու համար:
Հասմիկ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ. - Ֆինանսների նախարարության գյուղական ֆինանսավորման կառույց գրասենյակի նոր գործադիր տնօրեն Ալիկ Ֆրունջյանը պատրաստ է այցելելու տարածաշրջան, զրուցելու բոլոր վարկառուների հետ, հետևողական լինելու, որ ծրագրի անարդյունավետության մասին խոսք անգամ չլինի: